Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանին, ով այսօր բացառիկ մենահամերգ կունենա Երեւանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից:
Ողջունելով մեծանուն կոմպոզիտորին` նախագահ Սարգսյանն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ` մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, ով մեծ ավանդ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային երաժշտության մեջ: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ է նաեւ մեր ժողովուրդն առավել ճանաչելի դառնում աշխարհին: Մեր ժողովուրդը սիրում եւ հպարտանում է Ձեզանով»:
Անվանի կոմպոզիտորը նախագահին պատմել է Հայաստան կատարած այցելությունից իր տպավորությունների մասին: «Ամեն անգամ, երբ առիթ է լինում այցելելու Հայաստան, կարծեք վերադառնում եմ իմ ազգային ակունքներին: Ինձ համար հոգեհարազատ է եւ իմ արյան մեջ հոսում է հայկական երաժշտությունը»,- նշել է Միշել Լեգրանը:
Նախագահ Սարգսյանն ու Միշել Լեգրանը մտքեր են փոխանակել նաեւ համահայկական նշանակության խնդիրների մասին: Սերժ Սարգսյանը Միշել Լեգրանին է հանձնել Հայաստանի Պատվո շքանշան: Հանրահայտ հայազգի երաժիշտին Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին հրամանագիրը նախագահ Սարգսյանը ստորագրել էր երեկ:




























