Ռուսաստանի զինված ուժերն իրենց փորձով փաստացիորեն չեն զիջում ԱՄՆ–ին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Քաղաքական եւ եւ ռազմական վերլուծությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։
Փորձագետը նշել է, որ չնայած աշխարհի բոլոր կետերում մարտական գործողությունների առումով ամերիկացիների բավական հարուստ փորձին, Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի զինված ուժերի ներուժը հավասար է. «Այսօր Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի փորձը փաստացիորեն հավասար է։ Դրա հետ մեկտեղ, ոչ մեկը, ոչ մյուսը չունեն իրենց հավասար հակառակորդի հետ պատերազմի փորձ։ Ավելին, այդպիսի փորձ չունի նաեւ Չինաստանը։ Ի դեպ, Չինաստանն ընդհանրապես փորձ չունի»,–պարզաբանել է Խչամչիխինը։
Նրա կարծիքով, բոլոր այս երկրները, ըստ էության, պայքար են մղել ռազմական եւ տնտեսական առումով ավելի թույլ հակառակորդների հետ։ Փորձագետի համոզմամբ՝ ամերիկացիները մարտական գործողություններ վարելու շատ «տգեղ» փորձ ունեն, չնայած իրենց երկրի հսկայական չափերին: Սա փորձագետը կապում է այն հանգամանքի հետ, որ ամերիկյան բանակն իր ամբողջ գոյության ընթացքում չի հանդիպել իրեն ուժով հավասարազոր հակառակորդի. «Նրանք պատերազմ են վարում արդեն պարտված հակառակորդի հետ։ Այս պատճառով նրանց ռազմական փորձը շատ քիչ արժեք ունի իրականում»,–եզրափակել է Խրամչիխինը։




























