«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը:
Նախորդ հոդվածում նա ներկայացրել էր Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1993 թ. ընդունած չորս բանաձեւերից երկուսի խեղաթյուրումները, իսկ այժմ ներկայացնում է մնացած երկուսը:
Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձեւից, որն ընդունվել է 1993 թ. հոկտեմբերի 14-ին.
«Կոչ է անում շահագրգիռ կողմերին հրադադարը դարձնել մշտական ու արդյունավետ, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության oժանդակությամբ ձեռնարկված ուղիղ շփումների արդյունքում՝ ի աջակցություն Մինսկի խմբի»։
«Համոզմունք է հայտնում, որ հակամարտությունից բխող մնացած բոլոր հարցերը.... պետք է արագորեն կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԽ Մինսկի գործընթացի համատեքստում»:
«Կոչ է անում անմիջապես իրականացնել փոխադարձ եւ հրատապ քայլեր, որոնք նախատեսված են ԵԱՀԽ Մինսկի խմբի «Նորացված ժամանակացույցի» մեջ, ներառյալ վերջերս գրավված տարածքներից զորքերի դուրս բերումը եւ կապի ու տրանսպորտի բոլոր խոչընդոտների վերացումը»:
«Կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր ոտնահարումներից եւ վերահաստատում է իր 822 (1993 թ.) եւ 853 (1993 թ.) բանաձեւերում ընդունված կոչը` հակամարտության հետեւանքով տուժած բոլոր շրջաններում միջազգային մարդասիրական օգնության համար անխոչընդոտ մուտք ապահովելու համար»:
«Կոչ է անում տարածաշրջանի բոլոր պետություններին ձեռնպահ մնալ թշնամական գործողություններից եւ ցանկացած միջամտությունից կամ ներխուժումից, որը կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության խաթարմանը»:
Ադրբեջանը խախտել է վերոնշյալ դրույթներից յուրաքանչյուրը: Բացի հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներից, 2016 թ. ապրիլին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի վրա՝ հսկայական վնաս պատճառելով սահմանամերձ բնակավայրերին եւ սպանելով խաղաղ բնակիչներին: Կտրելով հայ տարեց գյուղացիների ականջներն ու գլխատելով մի քանի հայ զինծառայողների՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին բարբարոսական արարք եւ պատերազմական հանցագործություն...
Հատված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 884 բանաձեւից, որն ընդունվել է 1993 թ. նոյեմբերի 12-ին.
«Կոչ է անում Հայաստանի կառավարությանը գործադրել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայության կողմից 822 (1993 թ.), 853 (1993 թ.) եւ 874 (1993 թ.) բանաձեւերի պահանջները կատարելու նպատակով եւ ապահովել, որ ներգրավված ուժերին միջոցներ չտրամադրվեն իրենց զինված արշավը շարունակելու համար»:
Հայ պաշտոնյաները սովորաբար ոչ արձագանքում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին, ոչ էլ փորձում են հստակություն մտցնել դրանցում: Միակ բացառությունը նախագահ Սերժ Սարգսյանի ընդգրկուն ելույթն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2014 թ. սեպտեմբերի 24-ին:
Նախագահ Սարգսյանը հայտարարեց. «Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից պատերազմի տարիներին ընդունած չորս բանաձեւերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում»:
«Խոսքն այն բոլոր չորս բանաձեւերի մասին է, որտեղ որպես առաջնային եւ անվերապահ պահանջ նշվում էր ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձեւերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական եւ բարոյական նորմերը»:
«Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձեւերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման»:
«Բանաձեւերում ամրագրված պահանջներից են նաեւ՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների եւ էներգետիկ կապերի վերականգնումը (ՄԱԿ-ի ԱԽ 853 բանաձեւ), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (ՄԱԿ-ի ԱԽ 874 բանաձեւ): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը»:
«Անվտանգության խորհրդի նշված բանաձեւերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ, որն, ի դեպ, 1994 թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում»:
«Ոչ մի բանաձեւում Հայաստանը չի ճանաչվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, եւ նաեւ դրա շնորհիվ 1994 թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձեւերում Լեռնային Ղարաբաղը հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ»:
«Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիմնարար պահանջները՝ այդ թվում նաեւ մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը»:
«Ի դեպ՝ այս պահանջը եւս պարբերաբար եւ կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեեւ, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսեւորված վարքագծի հետեւանքով»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարեւան Իրանի»:
Կցանկանայի ամփոփել՝ ՄԱԿ-ի Անվտանգության չորս բանաձեւերի խեղաթյուրումների վերաբերյալ իմ ելույթի հիմնական կետերը.
1) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը ընդունվել են 1993 թվականին՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի թեժ ժամանակաշրջանում: Այդ բանաձեւերը արտացոլում են այն ժամանակվա պայմանները: Այդ ժամանակից ի վեր իրավիճակը կտրուկ փոխվել է:
2) Չնայած 1994 թ. Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հրադադարի ռեժիմին, վերջինս շարունակում է խախտել հրադադարը եւ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը `Արցախի եւ Հայաստանի վրա իր հաճախակի հարձակումներով:
3) Ադրբեջանը դեմ է արտահայտվում Արցախի մասնակցությանը բանակցություններին, դրանով իսկ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը:
4) Արցախյան հակամարտության պաշտոնական միջնորդները Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք կազմված են Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից, ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ոչ էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:
5) Իրականում, երբ 2008 թ. Ադրբեջանը Արցախի հարցը բերեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները դեմ քվեարկեցին: Ադրբեջանի առաջարկն ընդունվեց միայն փոքրաթիվ պետությունների կողմից: Ճնշող մեծամասնությունը ձեռնպահ մնաց:
6) Շրջափակելով Արցախը՝ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը:
7) Կարեւոր է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերում հիշատակվում է ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ միայն որպես միջնորդ՝ համոզելու Արցախի հայերին ընդունելու այս բանաձեւերը: 2001 թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը խորհրդարանում ունեցած իր ելույթում ընդունել է այդ փաստը. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չորս բանաձեւ է ընդունվել.... Այդ չորս բանաձեւերում գրված է, որ գրավող բանակը պետք է հեռանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից.... Բայց «Հայաստան» բառը չկա, այսինքն, «հայկական զինված ուժեր» բառերը չկան: Սակայն բանաձեւերից մեկում գրված է, որ Հայաստանից պահանջել են՝ ազդեցություն գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա: Իրականում, սա հայ-ադրբեջանական պատերազմ է: Իրականում Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ: Այնուամենայնիվ, ոչ ոք Հայաստանը չի ճանաչում որպես ագրեսոր որեւէ միջազգային կազմակերպության փաստաթղթում...»:
Ադրբեջանցիները, որոնք շարունակում են խեղաթյուրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձեւերը, պետք է հետեւեն նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հայտարարությանը եւ ձեռնպահ մնան Հայաստանին մեղադրելուց այդ բանաձեւերը խախտելու մեջ, երբ փաստացի Ադրբեջանն է, որ չի կատարում դրանք:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



























