Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ցանկացած ժամանակ, այդ թվում նաեւ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ցանկում ընդգրկված որեւէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` իր կարգավիճակը հավաստող եզրակացության տրամադրման համար՝ կցելով համապատասխան բժշկական փաստաթղթերը:
Մասնակիցը դիմումը կարող է ներկայացնել ինչպես առձեռն եւ փոստով, այնպես էլ էլեկտրոնային՝ [email protected] հասցեին:
Դիմումը գրանցվում է Նախարարությունում, եւ մուտքագրվելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին տրամադրվում է դրական կամ բացասական եզրակացությունը՝ մասնակցի նախընտրած եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն: Եզրակացության եւս մեկ օրինակ էլ տրամադրում է մասնակիցների ռեեստրը վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:
Տրված դրական եզրակացության հիման վրա մասնակիցը իրավունք է ստանում իր կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել՝ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելով «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի կուտակած միջոցները միանվագ վճարի ձեւով ստանալու դիմում»` սահմանված կարգին համապատասխան:



























