Պաշտոնատար անձանց հայտարարագրերը կմիասնականացվեն, փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի պատկերացում կազմել ընտանիքի անդամների գույքային դրության մասին:
Այս առնչությամբ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Հանրային ծառայության մասին» 23.03.2018թ. ՀՀ օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական նախադրյալներ են ստեղծվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա առաջիկայում ձեւավորվելիք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեության եւ այդ համատեքստում հայտարարագրերի վերլուծության գործիքակազմի պատշաճ կիրարկման համար: Օրենքի նախագծի մշակման գործընթացում ակտիվ դերակատարում է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի ներկայացրած օրենսդրական առաջարկությունները հավանության են արժանացել եւ ներառվել օրենքում:
Ըստ էության, միասնականացվել է պաշտոնատար անձանց հայտարարագրերի բովանդակությունը. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները կհայտարարագրեն նաեւ իրենց գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալները՝ պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու եւ դադարեցնելու պահի դրությամբ, ինչը հնարավորություն կընձեռի լիարժեք պատկերացում կազմել ընտանիքի անդամների փաստացի գույքային դրության մասին: Օրենսդրական գործող կարգավորումներին համապատասխան՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնում են միայն տարեկան հայտարարագրեր, որոնց բովանդակությունը նույնական չէ հայտարարատու պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրի բովանդակության հետ: Օրինակ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների (բացառությամբ ամուսնու) տարեկան հայտարարագրում առկա չէ «Դրամական միջոցները» բաժինը:
Բովանդակային առումով վերանայման են ենթարկվել հայտարարագրմանն առնչվող կարգավորումները, ինչի արդյունքում, մասնավորապես, վերացվել են հայտարարագրման ենթակա գույքի, արժեթղթերի ձեռքբերման եւ օտարման, ինչպես նաեւ` փոխառությունների հանձնման եւ վերադարձման գործարքների մասով օրենքով սահմանված գումարային շեմերը: Օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները (բացառությամբ ամուսնու) իրենց տարեկան հայտարարագրում վերոնշյալ գործարքները հայտարարագրում են այն դեպքում, երբ տվյալ տարում դրանց ընդհանուր գինը (գումարը) գերազանցել է օրենքով սահմանված համապատասխան շեմը:
Օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2019թ. հունվարից՝ պայմանավորված էլեկտրոնային հայտարարագրման համակարգի տեխնիկական վերազինման հրամայականով:



























