Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող հանրակացարանային շենքի բնակիչների հետ:
Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Ներկայացնելով Երեւանի քաղաքապետարանի դիրքորոշումը` քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ուսումնասիրվել են առկա բոլոր փաստաթղթերը, համաձայն որոնց հանրակացարանում կան փաստացի բնակվող, ինչպես եւ նույն հասցեների վրա սեփականության իրավունքով վկայականներ ստացած քաղաքացիներ:
Ըստ այդմ՝ Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է դատական հայցեր, որոնք ներկայում դեռ ընթացքի մեջ են: Հաշվի առնելով դատական գործընթացի հնարավոր տեւողությունը, մյուս կողմից նաեւ տվյալ շենքի վթարայնության աստիճանը, բնակիչների անվտանգության նկատառումներով Երեւանի քաղաքապետարանը արդարացի եւ նպատակահարմար է համարում, անկախ սեփականության իրավունքից, վերաբնակեցնել տարիներ շարունակ տվյալ շենքում բնակված եւ ներկայում էլ փաստացի բնակվող քաղաքացիներին:
Նաեւ նշվել է, որ մինչեւ դատարանի վերջնական վճռի կայացումը չի իրականացվի սեփականության իրավունքով հատկացում: Հարկ է նաեւ նշել, որ բեկանվել են այն դատական ակտերը, որոնց հիման վրա առանձին քաղաքացիներ ձեռք են բերել սեփականության իրավունք՝ փաստացի բնակեցված բնակելի մակերեսների նկատմամբ:
Բոլոր դեպքերում, մինչեւ դատական գործընթացի ավարտը կկիրառվի միայն փաստացի բնակվող քաղաքացիների՝ նորակառույց շենքերում վերաբնակեցման տարբերակը:
.jpg)



























