Հանրապետական խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանը չի խոստացել, որ չի առաջադրվելու նախագահի, իսկ խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում վարչապետի պաշտոնին, պարզապես հայտարարել է։ NEWS.am–ի հետ զրույցում Կարախանյանը Սերժ Սարգսյանի եւս 5 տարի պաշտոնավարելու անհրաժեշտությունը պայմանավորում է նրանով, որ նրանից բացի չկա մեկ այլ թեկնածու, որն ի վիճակի է բանակցել գերտերությունների նախագահների հետ։
«Եթե այսօր Սերժ Սարգսյանին իր կուսակիցները, մտերիմները, որոնք պետականաշինությամբ են զբաղվում, հորդորում են առաջադրվել, կարծում եմ՝ ինքը ճիշտ որոշում է կայացնում, որ երկրի ղեկը եւս 5 տարով ստանձնի, ինչպես ինքն ասաց՝ գիտելիքները, փորձը պետք է փոխանցի երիտասարդ կադրերին»,–ասաց Հանրապետական կուսակցության հնաբնակը։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը իր ղեկավարման տասը տարվա ընթացքում փորձը փոխանցելու ժամանակ չի ունեցել աշխարհացունց դեպքերի պատճառով։
«Էս տասը տարվա ընթացքում քաղաքական մթնոլորտն այնքան շիկացած էր, երբեմն իմ մոտ հարց է առաջանում՝ ոնց է էս մարդը դիմանում, աշխարհացունց դեպքեր, իրադարձություններ՝ չհաշված, որ մեր, այսպես կոչված, դրկից հարեւանը դավեր ու որոգայթներ էր ստեղծում։ էդ բոլորին պետք էր դիմակայել։ Կարծում եմ՝ հիմա հանգիստ ժամանակներ են։ Ես կարծում եմ՝ ինքը գտնում է, որ առայժմ չի տեսնում այն մարդուն, որը կարող է միջազգային ասպարեզում Պուտինի, Թրամփի եւ այլոց հետ խորհրդակցութան նստի»։
Վազգեն Կարախանյանը տարակուսած է ընդդիմախոսների այն հայտարարություններից, թե Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք ավելի քան 400 հազար քաղաքացի անվերադարձ արտագաղթել է Հայաստանից. «Ես չեմ հիշում մի ժամանակ, որ հայերը դուրս չեն գալիս արտերկիր հանապազօրյա հացը վաստակելու համար։ Դրա համար մեզ ասում են մոլորակի քաղաքացի»։




























