ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտնել էր իր վարչակազմում հերթական փոփոխությունների մասին. վետերանների գոծերով նոր նախարար է առաջադրվել պետության ղեկավարի անձնական բժիշկ, ծովակալ Ռոնի Ջեքսոնը, որն այս պաշտոնում կփոխարինի Դեւիդ Շուլկինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ուրախ եմ հայտնել, որ մտադիր եմ հարգարժան ծովակալ, բժշկական գիտությունների դոկտոր Ռոնի Ջեքսոնի թեկնածությունն առաջադրել որպես վետերանների գործերով նոր նախարար: Առայժմ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի պաշտպանության նախարարությունից Ռոբերտ Ուլքին: Ես շնորհակալ եմ դոկտոր Դեւիդ Շուլկինին մեր երկրին եւ մեր ականավոր վետերաններին ծառայելու համար»,- Twitter-ում նշել է Թրամփը:
Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի տարիներից Սպիտակ տանը բժիշկ աշխատող 50-ամյա Ջեքսոնի թեկնածությունը պետք է հաստատի Սենատը:
Շուլկինը, որը Բարաք Օբամայի վարչակազմի օրոք զբաղեցնում էր վետերանների գործերով փոխնախարարի պաշտոնը, գերատեսչության ղեկավարի պարտականությունների կատարումը ստանձնել էր 2017 թվականի փետրվարին:
Կադրային նման որոշումների պատճառների մասին ո՛չ Թրամփը, ո՛չ Սպիտակ տան ներկայացուցիչները չեն հայտնում: Սակայն 2017-ի հուլիսին հայտնի էր դարձել, որ Շուլկինը Եվրոպա ծառայողական գործուղման ժամանակ այցելել էր տեսարժան վայրեր եւ խանութներ, սակայն ավելի ուշ նախարարության գլխավոր տեսուչին այս մասին սխալ տեղեկություն էր տվել: Նման «գործուղման» ծախսերը գնահատվել էին ավելի քան 122 հազար դոլար: Ստուգման արդյունքները հայտնի էին դարձել փետրվարին:




























