Տուգանքներից խուսափելու լավագույն միջոցը ճանապարհային երթեւեկության կանոնները չխախտելն է։ Այս մասին մարտի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Իմ իրավապաշտպանը»  հասարակական կազմակերպության ղեկավար Քրիստ Հովսեփյանը։

Նրա խոսքով, դեպքեր են լինում, երբ քաղաքացիները չեն խախտում այդ կանոնները, սակայն դա էլ չի փրկում նրանց վարչական տուգանքներից։ «Դրանք, այսպես կոչված, անօրինական տուգանքներն են, երբ վարչական մարմինը խախտում է ՀՀ այս կամ այն օրենքը»,–պարզաբանել է Հովսեփյանը։ 

Նա շեշտել է, որ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքարկել այդ որոշումները եւ հասնել նրան, որ այդ վարչական ակտերն անվավեր ճանաչվեն։ Դրա հետ մեկտեղ, իրավապաշտպանը նշել է, որ այդպիսի վարչական տուգանքներ բավական հաճախ են սահմանվում եւ շատ քաղաքացիների հաջողվում է դատարանի միջոցով հասնել դրանց անվավեր ճանաչմանը։ Սակայն, բողոքարկման վրա բավական ժամանակ, ուժ եւ միջոցներ են ծախսվում, իսկ դատարանները դրա պատճառով ծանրաբեռնվում են։ 

Խոսելով վարորդների կողմից խախտումների մասին՝ նա նշել է, որ նրանցից ոմանք շատ լավ գիտեն երթեւեկության կանոնները եւ գիտակցում են՝ խախտում արել են, թե ոչ։Նրանցից մի քանիսը բողոքարկում են տուգանքը մուծելու ժամկետը հետաձգելու համար։ Մյուսներն էլ չեն հասկանում՝ խախտում արել են, թե ոչ, բայց իրենց մեղքի փաստացի ապացույցների բացակայության պատճառով դիմում են վերաքննիչին։