Վանաձորի տնակային ավաններում եւ հանրակացարաններում ապրող 500-ից ավելի ընտանիքների հարցը մայիսի 29-ին քննարկել են Վանաձորի ավագանիում։ Հարցն օրակարգ էր բերվել վանաձորցի մի քանի ակտիվ երիտասարդների կողմից, ովքեր շուրջ 900 ստորագրությամբ հարցի նախագիծը ներկայացրել էին քաղաքապետարան, այն ավագանու նիստին ներկայացնելու համար: Ավագանու նիստին ներկա էին նաև քաղաքի տնակային ավանների ու հանրակացարանների շուրջ 100 բնակիչներ:
Նիստի ընթացքում հարցը ներկա ավագանու անդամներին ներկայացրեց հենց նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Քոթանջյանը: Վերջինս նշեց, որ շրջել են բոլոր տնակային ավաններով, լսել բնակիչների կարծիքները:
Նախաձեռնող խումբը բնակարաններով ապահովման հարցի լուծումն առաջարկեց իրականացնել 5 կետով. տնակային ավանների հողատարածքները հատկացնել տնակներում ապրող բնակիչներին, հանրակացարանների բնակիչներին հատկացնել համայնքի չբնակեցված բնակարանները, ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի տնակային պայմաններում ապրողների բնակապահովման հարցը:
Ծավալվեց բուռն քննարկում: Տարբեր խմբակցությունների ավագանու անդամների կողմից տեսակետներ լսելուց հետո քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն առաջարկեց ներկայացված 5 կետանոց նախագիծը մերժել, փոխարենը ընդունել միայն նախագծի 5-րդ կետը, որոշակի փոփոխություններով:
«Էսօր գիտես ինչքան տղա երեխա կա, որ պիտի ծառայելու գնա, բայց դոմիկում հիվանդանում են: Երեխա են ուզում, էսօր բանակ չկա, ծառայող չունենք,. տղա երեխեք են բոլորը...»,- նկատեց ներկա տնակում ապրող բնակիչներից մեկը:
«Էդ ո՞նց եք անում, որ ձերը սաղ տղա ա լինում»,-կատակեց քաղաքապետը:
«Սաղ տղա ա, գարադոկ ա, դոմիկ ա, լույս չկա, հանգիստ...»,- արձագանքեց բնակչուհին, խնդրելով. «պարոն Ասլանյան, դուք նոր աշխատող եք, ձուկը հնից գլխից գալիս ա: Հիմի դուք ոնց կշտկեք, ինչ կանեք, ձերը ցավը տանեմ, մեզ էդ «ցինկվի» դագաղից հանեք»:
Քննարկման ավարտին ավագանին ընդունեց որոշում՝ ստեղծել հանձնաժողով, որում կընդգրկվեն ավագանու անդամներ, մասնագետներ, նախաձեռնող խմբի անդամներ, բնակիչներ:




























