ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները համոզել են, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը պետք է կարգավորել միայն հարաբերությունների խստացմամբ, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուժին է արձագանքում: Այս մասին հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներին:

Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկն ասել է, որ Թրամփը կարեւորում է Մոսկվայի հետ կայուն հարաբերություններ ունենալը, եթե ԱՄՆ-ն պատրաստվում է մյուս ճգնաժամերից ելք գտնել, օրինակ՝ Սիրիայի ճգնաժամի իրավիճակում: «Նա (Դոնալդ Թրամփը) համառում է: Նա համարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ին օգտակար է, եւ իսկապես կարծում է, որ կարող է դրան հասնել»,- հավաստիացրել է ամերիկյան վարչակազմի պաշտոնյաներից մեկը:

​Ըստ աղբյուրների՝ հենց այս պատճառով պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շատ ջանք էր ներդրել Թրամփին համոզելու համար հավանություն տալ Ուկրաինա մատակարարել Javelin համակարգեր:

Դրանից բացի, աղբյուրները նշել են, որ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի վերջին հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել մարտի 20-ին, նրանք խիստ են խոսել սպառազինության մասին: Թրամփն անդրադարձել է Ռուսաստանի նոր միջուկային հնարավորությունների թեմային, որոնց մասին Պուտինը խոսել էր մարտի սկզբին Դաշնային ժողովում ելույթ ունենալիս: Կառավարությունում աղբյուրներից մեկը հավաստիացրել է, որ սա շատ է խոցել ԱՄՆ նախագահին: Հեռուստաալիքի 2 աղբյուրներ հայտնել են, որ Թրամփը Պուտինին հետեւյալն է ասել. «Եթե դուք ուզում եք սպառազինության մրցավազք սկսել, մենք կարող ենք դրան գնալ, բայց ես կհաղթեմ»: