«Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի շահերի պաշտպանը կրկին դիմել է Վճռաբեկ դատարան: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք շրջանի նստավայրում մերժվել էր «Վանոյի Արտակ» անվամբ հայտնի Արտակ Գալստյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու մասին: Դատարանը որոշում էր կայացրել Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը թողնել անփոփոխ:
Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Գալստյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձեռբակալված Անի Հովհաննիսյանի եղբորը դրդել է իր միջոցով 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցրել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը:
Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Արտակ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Նա կալանավորված է:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Արտակ Գալստյանը ձերբակալվել է 2015թ. աշնանը analitik.am կայքի տնօրենի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ա. Գալստյանը տնօրինում եւ կազմակերպում է ինչպես «analitik.am», այնպես էլ՝ «crimenews.am», «armcrimenews.com» լրատվական կայքերի գործունեությունը:




























