«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի դեմ միասնաբար պայքարելու հարցով քննարկումներ է սկսել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Հանուն Հայաստան Պետության» ճակատի հետ։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ երկու ուժերի հետ էլ մարտավարության կամ օրակարգի առումով սկզբունքային տարաձայնություններ չկան։ Նշենք, որ այսօր Հանուն Հայաստան Պետության ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ եթե այս ուժերը չմիավորվեն ու դրա հետեւանքով տապալվի Սերժ Սարգսյանի դեմ պայքարը, ապա դրա մեղավորը միայն այդ ուժերի ներկայացուցիչներն են։
«Մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների հետ, ճշգրտում ենք մարդկանց մոտեցումները՝ ինչ պատրաստվածություն ունեն, հանդիպել ենք «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ քննարկումները առաջիկա երկու օրվա ընթացքում կամփոփենք եւ կպատրաստվենք հաջորդ հավաքին, որը ապրիլի 9–ին է։ Ինչ վերաբերում է միավորվել–չմիավորվելուն, անհրաժեշտություն կա ժողովրդին տալ էն մեսիջը, որ մենք իրար դեմ չենք, մեր խնդիրը Սերժ Սարգսյանն ու իր ստեղծած համակարգն են, եւ մենք կռիվ ունենք Սերժ Սարգսյանի հետ»,-ասաց Սանասարյանը:
Նրա խոսքով, «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ համագործակցության պայմանավորվածություն արդեն ունեն, «Քաղաքացիական պայմանագրի» հետ եւս վստահ է, որ համագործակցության ընդհանրություններ կգտնեն։




























