Իջեւանի բնակիչ 70-ամյա Աշոտ Ղեւոնդյանի կողմից փետրվարին Կարմիր գրքում գրանցված մացառախոզ որսալու https://news.am/arm/news/437389.html գործով նախաքննությունն ավարտվել է:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրանքի, Ղեւոնդյանը փետրվարի 14-ին Արշոյի հուշաղբյուր կոչվող տարածքում տեղադրել է թակարդ: 3 օր անց նա այդ թակարդով ապօրինի որսացել է Կարմիր գրքում գրանցված, որսն ամբողջությամբ արգելված Հնդկական վայրենակերպ մացառախոզ տեսակի կենդանի` պետությանը պատճառելով 25 հազար դրամի վնաս:
70-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2018թ.-ի փետրվարի 17-ին ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Իջեւանի բնակիչ Աշոտ Ղեւոնդյանը։ Նրա մեքենայում հայտնաբերվել էր մորթված մացառախոզ, ինչպես եւ 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։




























