Գերմանիայի կառավարությունը չափազանց մտահոգված է Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմաններում պաղեստինցիների եւ Իսրայելի անվտանգության ուժերի միջեւ բախումներով: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, ասվում է շաբաթ Գերմանիայի ԱԳՆ կողմից հրապարակված հայտարարության մեջ:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին թողնել այն ամենը, ինչը կարող է հանգեցնել նոր էսկալացիայի», - նշել է ԱԳՆ-ն: Նրանք ընդգծել են, որ «խոսքի արտահայտման ազատության եւ խաղաղ բողոքի իրավունքը չի կարելի չարաշահել», «սահմանների անվտանգության ապահովման Իսրայելի օրինական շահերը» կասկածի տակ դնելու համար:
«Միեւնույն ժամանակ, այդ օրինական շահերի պաշտպանությունը պետք է լինի համաչափ», - նշել են ԱԳՆ-ում:
Բախումները «կրկին ցույց են տալիս, թե որքան անհրաժեշտ է երկու կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումը», նշել է Բեռլինը` ընդգծելով, որ «միայն այս կերպ հնարավոր կլինի գտնել հակամարտությանը լուծումը»:




























