Ֆրանսիայի բնապահպանները շաբաթ բողոքի ակցիա են անցկացրել երկրում մթնոլորտի աղտոտման դեմ՝ Փարիզում, Ստրասբուրգում եւ այլ խոշոր քաղաքներում արձաններին հակագազեր հագցնելով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով AFP գործակալությանը:
Ակցիայի հեղինակներ են Greenpeace-ի տեղական մասնաճյուղը, France Nature ասոցիացիան եւ մի քանի այլ կազմակերպություններ:
Ֆրանսիացի բնապահպանների ակցիան տեղի է ունեցել այն օրը, երբ ավարտվում է ժամկետը, երբ իշխանությունները պետք է Եվրոպական Հանձնաժողովին փոխանցեն օդի աղտոտման դեմ պայքարի պետական ծրագիրը: 2009 թվականից Եվրամիությունը խիստ քննադատության է ենթարկում Ֆրանսիային այն բանի համար, որ նրա տարբեր քաղաքների օդում ազոտի երկօքսիդի եւ գերմանր մասնիկների (PM10) պարունակությունը գերազանցում է ընդհանուր եվրոպական նորմերին:
Փորձագետների կարծիքով, այս աղտոտումը երկրում տարեկան 48 հազար մարդու մահվան պատճառ կարող է դառնալ: Այս տարի Եվրամիությունը սպառնացել է Ֆրանսիային, որ եթե քաղաքների մթնոլորտի պաշտպանության համար միջոցներ չկիրառվեն, ապա երկրի դեմ գործը կքննվի Լյուքսեմբուրգում տեղակայված ԵՄ դատարանում:



























