«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր` ապրիլի 1-ին, Ջաջուռ գյուղից շարժվում են դեպի Սպիտակ քաղաք, նրանք արել են արդեն 5000-ից ավելի քայլ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Մեր ճամբարում, որտեղ վրան էինք խփել,  հարակից գյուղերի վբնակիչները բերել էին Զատկի ձվեր, լավաշ, փլավ եւ վրանային պայմաններում նշեցինք Սուրբ Զատիկը: Մարդիկ եկել էին ողջունելու մեր քայլը, իրենց աջակցությունը հայտնելու եւ պատրաստվում են ապրիլի 13-ին Ազատության հրապարակում մասնակցել հանրահավաքի»,-ասաց Ավինյանը:

Նշենք, որ քայլերթը Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները:

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:

«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: