Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մանվել Ադամյանի առողջական վիճակը կալանավորվելուց հետո կտրուկ վատացել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Ադամյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը:
«Ինքը մինչեւ կալանավորվելը թոքի քաղցկեղի վիրահատության էր ենթարկվել, հիմա վիճակը լավ չի, սակայն գտնվում է կալանավայրում»,- ասաց պաշտպանը` նշելով, որ Մանվել Ադամյանը նաեւ շաքարային դիաբետով է տառապում:
Պաշտպանը հավելեց, որ Մանվել Ադամյանը մինչեւ հիմա ցուցմունք չի տվել, եւ չի էլ հասկանում` իրեն ինչում են մեղադրում:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այս գործով 9 անձ է որպես մեղադրյալ ներգրավված այդ թվում նաեւ ՀԿԳ ավագ քննիչ Մանվել Ադամյանը:
Այսպիսով, ըստ այդ հաղորդագրության՝ մի շարք ՀՀ քաղաքացիներ իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով առանձնապես խոշոր չափերով կաշառք են տվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին:
Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017թ.-ի սեպտեմբերից 2018թ.-ի հունվարն ընկած ժամանակահատվածում միջնորդ անձի օժանդակությամբ նպաստել է զորակոչիկների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում վերջիններս զինվորական ծառայության համար ճանաչվել են ոչ պիտանի եւ հաշվառվել պահեստազորում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչին եւ նրան օժանդակող անձին մեղադրանքներ են առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ դրան օժանդակելու համար:




























