«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 2-ին, Գյումրիից մեկնարկած քայլերթն ավարտել են Սպիտակ քաղաքում: NEWS.am-ը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում է, որ քայլարշավի մասնակիցները վրաններ են խփել Սպիտակ քաղաքում: Իսկ վաղն առավոտյան կշարունակեն քայլերթը Հայաստանի խոշոր քաղաքներով:
«Այսօր արել ենք 18 հազար 35 քայլ եւ հիմա ճամբար ենք խփել Սպիտակ քաղաքի մոտակայքում: Օրը սկսեցինք ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշաակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Այսօր կանդրադառնանք քառօրյա պատերազմին, կքննարկենք կատարվածը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց քայլարշավին՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի:
Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները:
Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ կամ 3500 քայլ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:
«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:




























