Մեքսիկայի կառավարությունը պետք է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կասեցնի միգրացիոն ոլորտում եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում այնքան ժամանակ, մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի Մեխիկոյի վրա հարձակումները: Չորեքշաբթի այսպիսի կարծիք են հայտնել լատինաամերիկյան երկրի Սենատի անդամները, հայտնում է EFE գործակալությունը:

Մեքսիկայի Սենատը պետության ղեկավար Էնրիկե Պենյա Նյետոյին կոչ է արել ԱՄՆ հետ համագործակցությունը կասեցնել այնքան ժամանակ, «մինչեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսի Մեխիկոյի հետ հարաբերությունները քաղաքակիրթ եւ հարգանքով կառուցել»: Մեքսիկայի խորհրդարանի վերին պալատի անդամները դատապարտել են Սպիտակ տան տիրոջ կողմից «անհիմն պնդումները եւ հարձակումները Մեքսիկայի ու մեքսիկացիների վրա» եւ կոչ են արել հարաբերությունները ձեւավորել սկզբունքների վրա, որոնց հետեւում են «հարեւան երկրները, գործընկերներն ու դաշնակիցները»:

Մեքսիկացի սենատորները դատապարտել են Թրամփի՝ Ազգային գվարդիան Մեքսիկայի սահմանի պահպանմանը ներգրավելու որոշումը: Նրանք նշել են, որ մերժում են «սահմանի [երկկողմանի] ռազմականացումը» եւ դա «եւս մեկ վիրավորանք» են համարում: Լատինաամերիկյան երկրի Սենատի անդամները ԱՄՆ Կոնգրեսին կոչ են արել Սպիտակ տան ղեկավարին դրդել լատինաամերիկյան երկրի հետ հարաբերությունները վերակողմնորոշել եւ դրանք կառուցել «հարգանքի ու համագործակցության հիմքով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է Ազգային գվարդիան ներգրավել Մեքսիկայի սահմանի պահպանության համար: Նա իր որոշումը հիմնավորել է թմրամիջոցների, մաքսանենգ ապրանքների, ավազակային խմբավորումների անդամների, ինչպես նաեւ ապօրինի ներգաղթյալների հոսքը կանգնեցնելու անհրաժեշտությամբ, որոնք Միացյալ Նահանգներ են թափանցում Մեքսիկայի տարածքից: