Արմավիրի մարզում որոշակի մտահոգություններ կան, որ մարզի հանրակրթական դպրոցները դեռեւս լիարժեք պատրաստ չեն արդյունավետ կազմակերպել ուսուցման դժվարություններ ունեցող երեխաների ուսուցումը, ուստի առնվազն մեկ հատուկ դպրոցի գոյությունն անհրաժեշտություն է: Այս մասին, ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Կիսելով մտահոգությունը՝ նախարար Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է գնահատել բոլոր երեխաների կրթական կարիքները եւ այն դեպքում, երբ դպրոցները չունեն բավարար հնարավորություններ տվյալ երեխաների կարիքներին համապատասխան կրթության ապահովման համար, ապա ուսուցումը պետք է կազմակերպել հատուկ դպրոցներում: Միաժամանակ, Լեւոն Մկրտչյանը շեշտել է, որ անհրաժեշտ է զարգացնել դպրոցների հնարավորություննները, որպեսզի հեռանկարում կարողանանք ապահովել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ:
Նշենք, որ այս ուսումնական տարվանից Արմավիրի մարզն անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության:




























