Իրաքցի հեռուստալրագրող Մունթազեր ազ-Զաիդին, ով ազատազրկված էր Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշի վրա իր կոշիկները շպրտելու համար, այսօր ազատ է արձակվել`9 ամիս բանտում անցկացնելուց հետո:

Հիշեցնենք, որ ալ-Զաիդին կոշիկները Բուշի ուղղությամբ շպրտել էր անցած տարվա դեկտեմբերին, երբ Միացյալ Նահանգների նախկին նախագահը հրաժեշտի այց էր կատարել Իրաք:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ իրաքցի հեռուստալրագրողը նախ դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, որը գանգատարկման արդյունքում նվազեցվել էր մինչեւ մեկ տարվա ազատազրկում, եւ եւս երեք ամիս պատժաչափից կրճատվել է բանտում նրա ցուցաբերած լավ վարքի համար:

Ազատ արձակվելուց հետո հրավիրած ասուլիսում իրաքցի հեռուստալրագրողը հայտարարել է, որ իր արարքով ցանկացել էր բողոք հայտնել Միացյալ Նահանգների կողմից Իրաքի «օկուպացման» առնչությամբ:

Ազ-Զաիդին այսօր նաեւ պնդել է, որ բանտում իրեն ծեծել եւ խոշտանգել են: