ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հերբերտ Մակմաստերը հայտարարել է, որ իր աշխատելու ընթացքում կարողացել է օգնել ձեւակերպել ԱՄՆ ռազմավարությունը Հյուսիսային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը նա բնորոշել է  որպես «ԱՄՆ շահերի պաշտպանության եւ բարգավաճման գործում ձեռքբերումներ»:   

Նրա խոսքով, այս ռազմավարությունը ներառում է նոր մոտեցում  Հյուսիսային Կորեայի հարցում՝  Փհենյանի վրա առավելագույն ճնշմամբ եւ դաշնակիցների եւ գործընկերների հետ սերտ համակարգման միջոցով։

«Միացյալ Նահանգները եւ մեր դաշնակիցները ստիպեցին Ռուսաստանին վճարել իր ապակայունացնող գործողությունների համար, միաժամանակ տեղ թողելով ապագայում համագործակցության համար»,–նշել է նա։

Մակմաստերը հավելել է, որ հպարտանալու է դրանցով եւ իր հաջորդ Ջոն Բոլթոնին հաջողություն է մաղթել։