Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոսներ Հովհաննես Խորիկյանն և Գագիկ Համբարյանը հաջորդ շաբաթ կդիմեն դատարան` իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքից ազատված դասախոս Գագիկ Համբարյանը` նշելով, որ այդ տարբերակը իրենց առաջարկել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը իրենց հետ հանդիպման ժամանակ:

«Նյութալի քննարկում չեղավ, ըստ էության, նախարարը մեզ առաջարկեց կամ դիմել դատարան, կամ մասնակցել մրցույթին`նորից աշխատելու համար: Մենք հարց բարձրացրեցինք, որ էդ խուլիգանական, շինծու մեղադրանքով, որ աշխաատանքից ազատվել ենք, էլ ո՞նց կարող ենք մրցույթի մասնակցել: Բացի այդ, մենք ասացինք, որ մենք չենք հավատում պարոն Մինասյանի անցկացրած որեւէ մրցույթին: 20  տարի Շիրակի մարզում հանրակրթույան ոլորտը քանդած եւ կոռուպցիայի մեջ թաղված մարդը չի կարող հիմա արդար մրցույթներ անցկացնել, որպեսզի մենք էլ հավատանք եւ ինչ-որ թե մրցույթների մասնակցենք: Սա ուղղակի շինծու քայլ է, որով պարոն Մինասյանը փորձում է մեղմել ստեղծված իրավիճակը»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Նա նշեց, որ իրենք պատրաստվում են դիմել նաեւ դատախազություն` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի «ապօրինությունների» մասին հաղորդում տալու համար:

Նշենք, որ Շիրակի պետական համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն և Գագիկ Համբարյանը առանց նախապես տեղեկացվելու են ազատվել աշխատանքից եւ պնդում են, որ իրենք աշխատանքից ազատվել են ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի «ապօրինությունների» մասին բարձրաձայնելուց հետո: