«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնությունը բարձրացելէ Դիլիջանի ոլորաններով եւ հասել է Սեւանի թունելի մոտ, որտեղ էլ «Պլեճ փարթի» է անցկացնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հայտնում է Նիկոլ Փաշինյանը:
«Ֆանտաստիկ մթնոլորտ է այստեղ, նաեւ ժողովրդի արձագանքն է շատ լավ: Ովքեր որ անցնում են մեքենայով, մեզ ողջունում են: Սերժին մերժելու հարցը կլուծվի, եթե մեզ աջակցողների 10 տոկոսը մեզ միանա Ազատության հրապարակում»,- ասաց նախաձեռնությանը միացած Դավիթ Գեւորգյանը:
Նշենք, որ երեկ «Իմ քայլը» նախաձեռնությանը միացել է նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները: Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակու, ապրիլի 13-ին ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:
«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:




























