ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է հղել, որում Լիբանանի կառավարությանը գովաբանել է երկրի անվտանգության եւ տնտեսության ամրապնդման համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թրամփի հայտարարությունը, որը տարածել է Սպիտակ տունը:
Հայտարարությունը նվիրված է Փարիզում դոնորների համաժողովի ավարտին, որտեղ Լիբանանը ստացել է 11 մլրդ դոլարի ներդրումների խոստումներ:
«Լիբանանը երկիր է, որը բազմաթիվ մարտահրավերների է բախվում, ներառյալ փախստականների աննախադեպ հոսքը եւ Իրանի ու «Հիզբոլլահի» ապակառուցողական ներգործությունը: Սակայն, ինչպես տեսնում ենք ըստ համաժողովի հաջողության, Լիբանանը նաեւ վիթխարի պոտենցիալով եւ բարեկամների մեծ թվով երկիր է: Ես նշում եմ Լիբանանի կառավարության առաջընթացը, որը վարչապետ Սաադ Հարիրիի ղեկավարությամբ լուծում է այս կենսական հարցերը»,- նշված է Թրամփի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահը նշել է, որ Լիբանանն արդեն 2 տարի բյուջե է ընդունում, մեծացրել է իր զորքերի թվակազմը երկրի հարավում եւ պարտության է մատնել «Իսլամական պետության» տեղի կողմնակիցներին: Լիբանանը նաեւ շուտով «պատմական» խորհրդարանական ընտրություններ կանցկացնի, ինչը ցույց է տալիս անվտանգության ամրապնդումը, կարծում է Թրամփը:
Նա սատարել է նաեւ ներդրումների միջոցով տնտեսությունը խթանելու ծրագրերը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ հաշվետվողականության բարելավումը: Թրամփի կարծիքով՝ Լիբանանի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հավակնոտ ծրագրերը երկրի տնտեսությունն ավելի ամրապնդելու հնարավորություն են ընձեռում: «Ամերիկյան ընկերությունները նոր հնարավորությունների հույս կունենան, որոնք ընձեռում է Լիբանանում կապիտալ ներդրումների ծրագիրը»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ-ն հպարտանում է Լիբանանի հետ կապերով եւ աջակցում նրա կառավարությանը, եզրափակել է Թրամփը:




























