Ապրիլի 9-ին կայանալիք ճեպազրույցում տվյալներ կհրապարակվեն Մեծ Բրիտանիայում Բորիս Բերեզովսկու կողմից ապօրինի ապաստան ստանալու մասին, հայտնել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան НТВ հեռուստաալիքի «Իտոգի նեդելի» հաղորդման հետ հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ սցենարը, ըստ որի ծավալվում է ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման պատմությունը, «մեզ համար նորություն չէ», Ռուսաստանը դրան բախվում է արդեն երրորդ անգամ:
Նրա խոսքով՝ Լոնդոնը նախինում էլ է ձեռնարկել նման «սադրիչ գործողություններ»: Որպես օրինակ նա նշել է Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման դեպքը եւ Բորիս Բերեզովսկու դեմ «շինծու մահափորձը»:
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը մտադիր չէ լռել, երկուշաբթի՝ ապրիլի 9-ին, մենք մամուլի համար ճեպազրույց կանցկացնենք եւ կհրապարակայնացնենք փաստացի հանգամանքները, որոնք հաստատվել են 2003 թվականի սեպտեմբերին ռուսական հատուկ ծառայությունների կողմից 2003 թվականի ամռանը իր սպանությունը նախապատրաստելու կեղծ մատնության օգնությամբ Մեծ Բրիտանիայում Բորիս Բերեզովսկու կողմից ապօրինի ապաստան ստանալու քրեական գործով քննության ընթացքում»,- ասել է Չայկան:
Նա հստակեցրել է, որ հանրությանը կներկայացնեն Մեծ Բրիտանիայի ՆԳՆ գրագրությունից առանձին փաստաթղթերի պատճենները, որն այդ ժամանակ ղեկավարում էր Թերեզա Մեյը: «Այդ նյութերն ուղղակիորեն ցույց են տալիս, որ բրիտանական իշխանությունները տեղյակ էին Բերեզովսկու դեմ մահափորձի նախապատրաստման մասին հայտարարության կեղծ բնույթին»,- շեշտել է ՌԴ գլխավոր դատախազը:
Բորիս Բերեզովսկին Մեծ Բրիտանիայում քաղաքական ապաստան է ստացել 2003 թվականին: Ռուսաստանում օլիգարխին մեղադրում էին ֆինանսական մեքենայությունների մեջ եւ պահանջում էին նրան արտահանձնել, սակայն Լոնդոնը մերժմամբ է պատասխանել:
Բերեզովսկուն մահացած էին գտել 2013 թվականի մարտի 23-ին Ասկորտ քաղաքում իր կնոջ բնակարանում: Քննությունը մահվան պատճառ էր համարել ինքնասպանությունը:



























