Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը շենգենյան վիզաներ տրամադրելու լիազորությունը (Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա եւ Շվեդիա այցելելու համար) փոխանցել է «Վիզամետրիկ» ընկերությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավելի վաղ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը նույնպես հայտարարել էր վիզաների տրամադրման գործընթացը փոխանցել նույն ընկերությանը: Հայաստանի արդարադատության նախարարությունն առայժմ կասեցրել է այս ընկերության գործունեությունը:

Ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր Անհատական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը, «Վիզամետրիկի» գործունեության ժամանակավոր կասեցումը օրենքով է նախատեսված եւ պայմանավորված չէ հասարակական շահագրգռվածությամբ: Հայրապետյանի խոսքով՝ ընկերությունը սահմանված կարգով հայտնել է աշխատանքը սկսելու իր մտադրության մասին, իսկ գործակալությունը պարտավորվել է մինչեւ այդ հասկանալ՝ անհատական տվյալների մշակման ժամանակ արդյոք կապահովվեն անվտանգության բոլոր ստանդարտները եւ ինչ կերպ է աշխատելու այս ընկերությունը: «Տվյալները մշակողը պետք է տեխնիկապես ցույց տա, որ դա անվտանգ է, նա նաեւ պետք է ներկայացնի կազմակերպական միջոցառումները, որոնք ցույց կտան, որ անհատական տվյալները հասանելի չեն լինի ապօրինի հասանելիության, արգելափակման, ոչնչացման, տարածման, տիրաժավորման համար եւ այլն»,- ասաց Գեւորգ Հայրապետյանը:

Հարցին՝  իրենք ի՞նչ վտանգներ են տեսել «Վիզամետրիկի» աշխատանքում, գործակալության ղեկավարը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է «Վիզամետրիկի» պատասխանից: Ինչ վերաբերում է ընկերության ծագմանը, ապա, Հայրապետյանի խոսքով, այս հանգամանքը չի ստուգում անցկացնելու պատճառը: Սակայն վերջնական որոշումը ընդունելիս գործակալությունն անպայման ուշադրություն կդարձնի այն փաստին, որ Թուրքիան ներառված չէ այն պետությունների ցանկում, որոնք ապահովում են անհատական տվյալների պաշտպանության բավականաչափ բարձր մակարդակ:

«Գերմանիայի դեսպանատունն ինքը կընդունի որոշում այն մասին, թե ինչպես եւ ինչպիսի միջոցներով է իր գործունեությունն իրականացնելու, սա բացառապես իր իրավասության ներքո է, բայց Անհատական տվյալների պաշտպանության գործակալության իրավասության ներքո է Հայաստանում ցանկացածին, ով անհատական տվյալներ է մշակում ապօրինի հիմունքներով, այդ տվյալների մշակումն արգելել»,- ասաց Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր չէր ժամանակին լուծել այս հարցը եւ դեռեւս մինչեւ դեսպանատան հայտարարությունը պարզել՝ ով եւ ինչպես է պատրաստվում մշակել դիմումատուների անհատական տվյալները, գործակալության պետն ասաց, որ իրենք սկսում են ուսումնասիրել միայն իրազեկում ստանալուց հետո եւ հնարավորություն չունեն նախապես իմանալ անցկացվող բոլոր մրցույթների մասին: