Եթե Հայաստանն առաջիկա օրերին, վավերացնի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, մենք կարող ենք ակնկալել, որ հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի: Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա նշել է, որ այս շաբաթ Հայաստանի Ազգային ժողովը լսումներ է անցկացնելու, որին, հավանաբար, կհետեւի նաեւ քվեարկություն ՀՀ - ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ: «Դա շատ կարեւոր է, որովհետեւ Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացումից հետո մենք կարող ենք արդեն մտածել արդեն համաձայնագրի՝ պայմանական ուժի մեջ մտնելու մասին:

Եթե Հայաստանը արդեն այժմ՝ առաջիկա օրերին, վավերացնի համաձայնագիրը, մենք կարող ենք ակնկալել, որ հունիսի 1-ից այն արդեն պայմանական կարգով ուժի մեջ կմտնի:

Միեւնույն ժամանակ, Եվրամիության կողմից վավերացման գործընթացը կշարունակվի: Ինչպես գիտեք, համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան: Բացի այդ, գիտենք, որ այլ երկրներում դրա վավերացման գործընթացը մեկնարկել է: Այնպես որ, ԵՄ կողմից վավերացման գործընթացը կշարունակվի յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան կարգով: Մենք ակնկալում ենք, որ մայիսի կեսերին քննարկումներ կանցկացվեն Եվրոպական խորհրդարանում, եւ Խորհրդարանը իր աջակցությունը կհայտնի Համաձայնագրին՝ ընդունելով ոչ օրենսդրական վճիռ»,-ընդգծել է Սվիտալսկին:

Հարցին, թե դա կարվի անդամ երկրների կողմից վավերացումից զա՞տ, նա պատասխանել է. «Այո, սա դրանցից անկախ է: Հենց դրանում է կայանում Եվրոպական միության հմայքը։ Այստեղ կան ազգային խորհրդարաններ եւ կա նաեւ Եվրոպական խորհրդարանը, որը իր դերն ունի գործընթացում:

Եվրոպական խորհրդարանի ուշագրավն այն է, որ այս հարցում նրա վճիռը կոչվում է ոչ օրենսդրական, այսինքն դա իրավական ուժ չունի, սակայն քաղաքական առումով շատ կարեւոր է: Մենք հուսով ենք, որ բոլոր այս կարեւոր որոշումները ժամանակին կընդունվեն, եւ մենք հունիսի 1-ից հնարավորություն կունենանք կիրառել համաձայնագրի դրույթները՝ պայմանական կարգով:

Մենք գիտենք, որ մեր հայաստանյան գործընկերները մեծ ջանքեր են գործադրում՝ համաձայնագրի տարբեր դրույթների կենսագործման ճանապարհային քարտեզ կազմելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այսպես կոչված՝ մոտարկման գործընթացին: Մոտարկումը նշանակում է Հայաստանի օրենսդրության մոտարկումը Եվրամիության կարգավորումներին, եւ մենք վստահ ենք, որ հայկական կողմից իսկապես լուրջ ջանքեր են գործադրվում, ինչը նշանակում է, որ մինչեւ հուլիսի կեսեր, երբ կանցկացվի նոր ձեւավորվելիք Գործընկերության խորհրդի առաջին նիստը, մենք պատրաստ կլինենք ընդունել այսպես կոչված Ճանապարհային քարտեզը:

Այդ Ճանապարհային քարտեզը թույլ կտա պատկերացում կազմել այն մասին, թե որ պարտավորվածությունները եւ հանձնառությունները ինչպիսի ժամկետներում հնարավոր կլինի իրագործել:

Մեր կողմից մենք առաջարկում ենք աջակցություն՝ թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական, որպեսզի ապահովենք համաձայնագրի սահուն իրականացումը»: