Որպես Եվրոպական միություն մենք երբեք չենք փորձելու մեր արժեքները փաթաթել ուրիշների վզին: Այս մասին «Ազատություն»  ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, ԵՄ-ն այսօր աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամենաուժեղ պաշտպանն է եւ դա շատ բնական է, քանի որ ԵՄ-ի ինքնությունը հենվում է հենց այս արժքների վրա։ «Առանց այս սկզբունքների, այս արժեքների, Եվրոպական միությունը անիմաստ կլինի, այն կդառնա պարզապես հերթական աշխարհքաղաքական պրոյեկտ։ Սակայն Եվրոպան շատ ավելի հավակնոտ է։ Արժեքները՝ դրանք մեր ինքնությունն են կազմում, ահա թե ինչու մեր գործընկերների հետ հարաբերություններում մենք այդքան կարեւորում ենք այդ արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ օրենքի գերակայություն։ Իհարկե, այսօր մենք մեծ մարտահրավերների առաջ ենք կանգնած թե՛ Եվրոպական միության ներսում, եթե դիտարկենք զարգացումները որոշ անդամ երկրներում, եւ թե՛ հարեւան երկրներում, այդ թվում Հայաստանին մոտ գտնվող երկրներում։ Մարտահրավերները ակնհայտ են, սակայն մենք մեկ հարցում վստահ ենք՝ որպես Եվրոպական միություն մենք երբեք չենք փորձելու այս արժեքները փաթաթել ուրիշների վզին։ Եվրոպական միությունը չի ցանկանում արտահանել արժեքներ, կամ անգամ տարածել դրանք»,-ընդգծեց Սվիտալսկին:

Դիտարկմանը, թե եթե դա լավ բան է, ինչո՞ւ չարտահանել դրական արժեքները, Սվիտալսկին պատասխանեց. «Անցած 25 տարիների փորձը ցույց է տվել, որ այս արժեքները կարող են աճել միայն, եթե համապատասխան պարարտ հող կա։ Այսինքն՝ դրանց համար նախադրյալները պետք է ձեւավորվեն տվյալ երկրի ներսում, իսկ Եվրոպական միությունը այս հարցում կարող է միայն առաջարկել խրախուսանք, եւ աջակցություն՝ ֆինանսական, քաղաքական, տեխնիկական»:

Նրա խոսքով, այդ արժեքները ԵՄ-ի համար հանդիսանալու են այն հենման կետը, որով չափում են, թե որքանով են գործընկերները մոտ Եվրոպական միությանը։

«Այս առումով պետք է նշեմ, որ երբ Հայաստանի ղեկավարները մեզ ասում են, որ ցանկանում են հարաբերություններ կառուցել Եվրոպական միության հետ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա, մենք դրան շատ լրջորեն ենք մոտենում, եւ խոսելով ընդհանուր արժեքների մասին, մենք խոսում ենք բոլոր արժեքների մասին ընդհանուր առմամբ, ոչ թե մի իրավիճակի, երբ ընտրություն է կատարվում, թե որ արժեքներն են ընդհանուր, որոնք՝ ոչ։ Ընդ որում, սա միայն սկզբնակետն է, որի վրա հիմնվելով մենք ձեւավորում ենք մեր ռազմավարությունը։

Եվ մենք միշտ մտածում ենք երկարաժամկետ հեռանկարի մասին։ Մենք պետք է ռազմավարական մտածողություն ցուցաբերենք, միշտ հիշելով անցյալի փորձը եւ տարբեր հանգամանքները, եւ պարզապես փորձելով օգտակար լինել։ Այնպես որ՝ այո՛, մենք այստեղ ենք լինելու, մենք, շնորհիվ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի, ավելի խորը երկխոսություն ենք վարելու, որովհետեւ Համաձայնագրում ներառված դրույթները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը, բավական հստակ են եւ մեզ մանդատ են տալիս երկխոսությունը խորացնելու համար։ Առաջիկա շաբաթներին՝ մայիսին, մենք պատրաստվում ենք այստեղ՝ Երեւանում, անցկացնել Մարդու իրավունքների հարցերով երկխոսության ենթահանձնաժողովի հերթական հանդիպումը, ինչպես նաեւ Արդարադատության ենթահանձնաժողովի հերթական հանդիպումը, եւ մենք շատ անկեղծ եւ շիտակ են խոսելու մեր հայաստանյան գործընկերների հետ, որովհետեւ դա է ենթադրում ստորագրված Համաձայնագիրը։

Մեզ համար փակ թեմաներ չպետք է լինեն, մենք պետք է ազատ լինենք բարձրացնելու ցանկացած մտահոգիչ հարց։ Այնպես որ՝ այո՛, Եվրոպական միությունը շեշտը դնելու է այս հարցերի վրա, Եվրոպական միությունը երկխոսություն է վարելու, մենք համատեղ նախաձեռնություններով ենք հանդես գալու եւ մենք խրախուսելու ենք։ Խրախուսանքը Եվրոպական միության հիմնական քաղաքական գործիքն է»,-ընդգծել է Սվիտալսկին: