Վեհամոր Ավետարանը՝ Մատենադարանից, Սահմանադրության մայր օրինակը՝ Սահմանադրական դատարանից այսօր՝ ապրիլի 9-ին բերվեցին նախ նախագահական նստավայր, որտեղից էլ, պետական դրոշի հետ միասին, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր: Արդեն երկրորդ անգամ այստեղ էր գումարվել Ազգային ժողովի հատուկ նիստը՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության առիթով:

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա նախագահի 7-րդ երդմնակալության արարողությունն է: Առաջին անգամ Հայաստանի նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ազգային ժողովի կողմից: Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը երդվեց՝ իր նախորդների նման աջ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ Սահմանադրության վրա:

Բացառությամբ 1991 թվականի, երբ նորանկախ Հայաստանը դեռեւս Սահմանադրություն չուներ, երկրի պետական եւ հոգեւոր խորհրդանիշերը նախագահի երդմնակալության արարողակարգի անփոփոխ մաս են կազմել: Ի դեպ՝ 1991-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքն էր երդման արարողության համար ընտրել 7-րդ դարի Վեհամոր Ավետարանը: Ավանդույթը շարունակվում է մինչ օրս:

1996 թվականին պաշտոնավարման երկրորդ ժամկետը ստանձնած Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն երդվեց Ազգային ժողովի շենքում հրավիրված ԱԺ հատուկ նիստում՝ ձեռքը դնելով Վեհամոր Ավետարանի եւ Սահմանադրության վրա:

1998 թվականից ի վեր Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությունն անցկացվում է ապրիլի 9-ին. այդ ժամկետն էր նախատեսած երկրի Մայր օրենքը՝ բացառությամբ արտահերթ ընտրությունների դեպքերի: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երդվեց եւ պաշտոնը ստանձնեց օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հրավիրված ԱԺ հատուկ նիստում: Այս անգամ էլ Վեհամոր Ավետարանին եւ Սահմանադրության մայր օրինակին ավելացավ եւս մեկ խորհրդանիշ՝ ՀՀ պետական դրոշը. դրանք, ինչպես այսօր, հանդիսավորությամբ օպերայի դահլիճ բերվեցին նախագահական նստավայրից:

Արարողակարգը նույնությամբ պահպանվեց նաեւ 2003 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում: Այս անգամ երդմնակալության արարողությունը կազմակերպվել էր կառավարության համագումարների պալատում:

2008 թվականին նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը երդվեց դարձյալ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում: Այս անգամ, սակայն, 2005 թվականի Սահմանադրության փոփոխություններից հետո, Հայաստանի երրորդ նախագահը երդման փոփոխված տեքստն ընթերցեց, իսկ Ազատության հրապարակում ՀՀ զինված ուժերի խորհրդանշական շքերթ անցկացվեց:

Արդեն 2013 թվականին երկրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը Սերժ Սարգսյանը ստանձնեց՝ երդվելով Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում գումարված ԱԺ հատուկ նիստում: Դրանից հետո նորընտիր նախագահը Եռաբլուր գնաց: Սա, կարծես, նույնպես ավանդույթ է դառնում. այսօր կայացած երդմնկալությունից հետո Արմեն Սարգսյանը նույնպես զինվորական պանթեոն է այցելել:

Եվ վերջում՝ Վեհամոր Ավետարանի մասին: 7-րդ դարով թվագրվող այս Ավետարանը պահվում է Մատենադարանում. այն ամբողջական առաջին ձեռագիր Ավետարանն է: Ձեռագիրը Մատենադարանին նվիրել է Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսը՝ մոր՝ Սիրանուշի հիշատակին, նրա մահից կարճ ժամանակ անց:

Հայտնի չէ, թե որտեղ է ստեղծվել այս Ավետարանը եւ ով է այն կազմել: Հայտնի է միայն, որ երկար ժամանակ այն պահպանվել է Գանձակի շրջանի Բանանց գյուղում, իսկ խորհրդային տարիներին փոխադրվել Գանձակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Իսկ Վազգեն Ա կաթողիկոսին Ավետարանը նվիրել է ՀԱԵ Ադրբեջանի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը: