Հայ հեղափոխական դաշնակցությունը այսօր 14:30-ին սկսած Կառավարության եւ Արտգործնախարարության առջեւ հացադուլ եւ նստացույց է սկսել՝ այդ կերպ բողոքելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված օգոստոսի 31-ին Շվեյցարիայի միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրության դեմ: NEWS.am-ի թղթակիցը մի խումբ մարդկանց շրջանակում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե ինչպես են վերաբերում մեր համաքաղաքացիներն այս ակցիային, եւ արդյոք դաշնակցությանը համարում են իրական ընդդիմություն:

20-ամյա սփյուռքահայ Անին կարծում է, որ դաշնակցությունը 100%-ով ընդդիմություն է: Նա համաձայն է դաշնակցության առաջ քաշած բողոքների հետ եւ ասում է.

«Եթե այսօր մենք դուրս չգանք սրա դեմ, աննամուս ազգ ենք համարվելու: Գրեթե ամեն մի հայի նախնիների արյան մեջ թաթախված մի ազգի խաբեությանը ոչ ասելու համար ցանկացած հայ այսօր պետք է այստեղ լինի»:

Միջին տարիքի մի կին եւս կարծում է, որ դաշնակցությունը իրական ընդդիմություն է, սակայն լուրջ չի վերաբերվում այս ակցիային:

21-ամյա Դանիելը հույս ունի, որ այս ակցիան դրականորեն կազդի արձանագրությունների ստորագրմանը խոչընդոտող գործողությունների վրա:

«Դժվարանում եմ պատասխանել արդյո՞ք դաշնակցությունը ընդդիմություն է: Դա պետք է երեւա դաշնակցության քայլերից: Եթե դաշնակցությունը համապատասխան քայլեր ձեռնարկի Հայաստանում ժողովրդավարության կայացման գործում, եթե ռեալ ընդդիմախոս լինի իշխանություններին, ռեալ քայլեր ձեռնարկի մի շարք խնդիրների լուծման համար, ուրեմն կարող ենք դաշնակցությանը համարել ընդդիմադիր, սակայն դրա մասին դեռ շուտ է դատել» :

Թոշակառու Վազգեն պապիկը դաշնակցությանը լուրջ չի վերաբերում, առավել եւս ընդդիմություն չի համարում:

20-ամյա մի երիտասարդ ասաց, որ դեմ է դաշնակցության ակցիային եւ գտնում է, որ ներկա պահին Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար ավելի ձեռնտու է, քան Թուրքիային համար:

«90 տարվա փակ սահմաններով չենք կարողացել հասնել ոչնչի: Ինձ թվում է՝ այս արձանագրություններով մենք չենք ուրանում, չենք զիջում, մնում ենք մեր գաղափարներին, ցեղասպանության ճանաչմանը հավատարիմ: Բաց սահմաններով մենք ավելի հեշտ մուտք կունենանք Եվրոպա: Դաշնակցությանը իրական ընդդիմություն չեմ համարում: Իրական ընդդիմությունը չպետք է խանգարի պետության զարգացմանը, իսկ դաշնակցությունը խանգարում է Հայաստանի տնտեսական զարգացմանը»:

Հետաքրքրական է, որ հարցվող կանանցից մեկն էլ ասաց, որ իր ծիծաղը գալիս է այս ամենի վրա: