Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր խորհրդարանում Սիրիայում տիրող իրավիճակի մասին ելույթով հանդես կգա։ Նա նաեւ կդիմի Համայքների պալատի խոսնակին արտահերթ քննարկումներ անցկացնել շաբաթ օրը տեղ գտած ռազմական գործողությունների շուրջ, գրում է kommersant.ru–ն։
Մեյի ելույթի տեքստում նշվում է, որ քիմիական հարձակման հետաքննության հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագծի վրա Ռուսաստանի կողմից վետոն ցանկացած նման հետաքննություն անցկացնելու արգելափակման փորձ էր։
Բրիտանիայի վարչապետը մտադիր է նաեւ պատմել, թե ինչու է իր երկիրը միացել Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ–ի եւ Ֆրանսիայի գործողություններին. «Անկեղծ կասեմ՝ մենք գործել ենք մեր ազգային շահերին համապատասխան։ Մեր ազգային շահերից է բխում կանխել Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ապագայում, ինչպես նաեւ աջակցել քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության միջազգային կոնսենսուսին»,–նշված է Թերեզա Մեյի ելույթի տեքստում։




























