Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքը կստիպի Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը որոշակի միջոցներ ձեռնարկել:

Այս մասին ապրիլի 18-ին ճակատային գծում պաշտպանության էլեկտրոնային միջոցների օգտագործման հեռանկարներին նվիրված տեսահամաժողոի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի պաշտպանության նախարարության Հանրային խորհրդի անդամ, «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն:

Սակայն, ըստ նրա, Մինսկի եւ Բաքվի միջեւ այս գործարքը չի հանգեցնի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությանը եւ հատկապես ղարաբաղյան հակամարտության գոտում: Ինչպես նշել է ռուսական ռազմական փորձագետը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը շարունակում է պահպանվել, եւ «Պոլոնեզ» համալիրների առաքումը չի  խախտի այդ հավասարակշռությունը, թեեւ կարող է զգալիորեն ավելացնել ադրբեջանական բանակի մարտունակությունը, քանի որ ՀԿՌՀ «Պոլոնեզ» համալիրները Բաքվին հնարավորություն կտան մեծ հեռավորության վրա բավական կետային հրթիռային հարվածներ հասցնել հակառակորդի դիրքերին միչեւ 200 կմ խորությամբ:

«Եթե պայմանագիրը կնքվի, եւ ես կարծում եմ, որ Բելառուսի նախագահը համաձայնություն կտա ստորագրման համար, ապա ինչ-որ չափով մատակարարումները նոր իրականություն կստեղծեն Հայաստանի ռազմական եւ ռազմավարական հավասարակշռության պահպանման հնարավոր միջոցների որոնման առումով», - ավելացրել է Կորոտչենկոն:

«Նացիոնալնայա օբորոնա» ամսագրի գլխավոր խմբագիրը կարծում է, որ Բելառուսն արդեն այս տարի կկարողանա արտահանել «Պոլոնեզ» համալիրները: Առաջին գործարքով նախատեսվում է 10 համալիր փոխանցել:

Ռազմական վերլուծաբանի կարծիքով՝ մատակարարումները ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունների համար մանրամասն վերլուծության առարկա կդառնան:

«Մենք կողմ ենք ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ լուծմանը: Ռազմական գործողությունների ցանկացած վերսկսումը կհանգեցնի նոր զոհերի եւ կորուստների: Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանական համակարգը տարիների ընթացքում կառուցվել է այնպես, որ նույնիսկ ճակատային հարվածը թույլ չի տա Ադրբեջանին բլիցկրիգի հասնել: Արագ ռազմական հաջողություններ միանշանակ չեն լինի», - ընդգծել է փորձագետը:

Մինսկի կողմից Բաքվին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման մասին լուրերը բավական երկար ժամանակ շրջանառվում են՝ ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրների առաքումից հետո: