Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համատեղ շնորհավորական ուղերձ են հղել վարչապետ Սերժ Սարգսյանին։
«Ձերդ Գերազանցություն,
Ցանկանում ենք շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները ամրապնդվել են 2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ անցած փետրվարին ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի ստորագրմամբ:
Ակնկալում ենք շարունակել Ձեզ հետ համագործակցությունը Ձեր նոր պաշտոնում, մասնավորապես նոր Համաձայնագրի իրականացման, ներառյալ՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այս համատեքստում, մենք հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն հարգելու քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքի իրացումը խաղաղ եղանակով եւ օրենսդրությանը համապատասխան:
Վերջում, մենք ապավինում ենք Ձեր շարունակական դրական ներգրավվածությանը Արեւելյան գործընկերության շրջանակներում, ինչպես նաեւ մեր ընդհանուր ջանքերին՝ միտված անվտանգության, կայունության, ժողովրդավարության եւ բարեկեցության ամրապնդմանը Հայաստանում, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանում»,- ասվում է ուղերձում:



























