Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գոհունակություն է հայտնել քաղաքականության ոլորտում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետ համագործակցությունից: Կողմերը համակարծիք են Ռուսաստանի հետ հակամարտությունների եւ Սիրիայում Մոսկվայի դերի վերաբերյալ հարցերում: Այս մասին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերկելը, հաղորդում է DW-ն:
Մերկելի խոսքով՝ կողմերը մտքեր են փոխանակել այն հարցի վերաբերյալ, թե ինչ բացասական հետեւանքներ կարող են ունենալ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները: Նա նշել է, որ գերմանական ընկերությունները վախենում են անուղղակիորեն տուժել այդ պատժամիջոցներից:
Դոնալդ Թրամփն, իր հերթին, կրկին քննադատել է Գերմանիային, իր կարծիքով, ոչ բավարար պաշտպանական ծախսերի համար: Մերկելը հայտարարել է, որ 2019 թվականից սկսած իր երկիրը պաշտպանության համար ծախսելու է ՀՆԱ-ի 1,3 տոկոսը: Ներկայումս գերմանական ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 1,25 տոկոսը:



























