Պետական այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ, որի ընթացքում անդրադարձել են հայ-կիպրական դարավոր բարեկամությանը, պատմականորեն երկու ժողովուրդների ճակատագրերի նմանությանը, ինչպես նաեւ պետականության կորստի դժվարին ժամանակներում մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում հայ եւ կիպրացի ժողովուրդների կյանքում եկեղեցու ունեցած դերին եւ նշանակությանը:  

Նախագահ Սարգսյանը Արքեպիսկոպոս Խրիսոստոմոս Երկրորդի հետ  խոսել է նաեւ կիպրահայ համայնքի մասին, որը Կիպրոսի իշխանությունների եւ նաեւ եկեղեցու շնորհիվ հաջողությամբ ինտեգրվել է այդ երկրի հասարակությանը` պահպանելով իր ազգային ինքնությունը։

Այնուհետեւ Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի հետ եւ Ներկայացուցիչների պալատում հանդես եկել ելույթով:

Կիպրոս կատարած պետական այցի շրջանակներում, Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ հայկական «Նարեկ» դպրոց, ծանոթացել ուսումնական այդ հաստատության պայմաններին, գործունեությանը եւ դպրոցին  անհրաժեշտ գրքեր նվիրել:

Նախագահը մայրաքաղաք Նիկոսիայում այնուհետեւ այցելել է հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցի, հանդիպում  ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ի պատիվ պետական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի` Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի եւ տիկին Էլսի Խրիստոֆիայի անունից երեկոյան տրվել է պետական ճաշ: