Կառավարության կողմից գյուղացիներին տրամադրվող ազոտական պարարտանյութերի ձեռքբերման սուբսիդիաների միջոցով փողերի լվացում է իրականացվում։ Այս մասին ապրիլի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչյա Բերբերյանը։

Նրա խոսքով՝ դա է վկայում այն փաստը, որ պարարտանյութերը նախորդ տարվա համեմատ թանկացել են։ Օրինակ, Վարդենիսում մեկ պարկ ազոտական պարարտանյութը 2017թվականի համամատ թանկացել է 1000 դրամով՝ մինչեւ 7000-7200 դրամ։  

«Կառավարությունը պետք է խելքը գլուխը հավաքի եւ ապահովի սուբսիդավորման նորմալ գործընթաց, հակառակ պարագայում հայկական գյուղմթերքը մրցունակ չի լինի բարձր ինքնարժեքի պատճառով»,-շեշտել է Բերբերյանը։

Համեմատության համար նա նշել է, որ 1 կգ ցորենի ինքնարժեքը Հայաստանում 70 դրամ է, իսկ Ռուսաստանում, որտեղ գյուղացիներին լուրջ սուբսիդավորում է տրամադրվում, 1 կգ ցորենի ինքնարժեքը 30 դրամ է։

«Ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանի համար երկրորդական շուկա է, եւ եթե չապահովվեն հավասար պայմաններ բոլորի համար, գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում ձախողման է դատապարտված»,-ընդգծել է նա։

Բերբերյանի խոսքով՝ հենց պաշտոնյաններն են խոչընդոտում այս ոլորտի ներդրողներին եւ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար պետք է այնտեղից հեռացնել պատահական մարդկանց։