Դալայ Լաման պատմել է, որ դժվար իրավիճակում ճիշտ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է վերլուծել այն առանց զգացմունքների եւ վախի, առանց նախապաշարման՝ խորհրդակցելով անկեղծ ընկերների հետլ, ապա ընտրություն կատարել եւ չզղջալ դրա համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հարկավոր է առավելագույնս գործի դնել ձեր մտավոր ունակությունները, կրկին ու կրկին վերլուծել: Չի կարելի թույլ տալ, որպեսզի զգացմունքներն ազդեն ձեր որոշման վրա: Եթե դուք որեւէ որոշում կայացնեք զգացմունքների ազդեցության տակ, ապա ավելի ուշ, երբ զգացմունքները հանդարտվեն, կտեսնեք, որ որոշումը սխալ էր: Ուժեղ զգացմունքները դժվարացնում են մեր մտածելու ունակությունը: Նրանք մեր վերաբերմունքը կանխակալ են դարձնում: Իսկ կանխակալության ազդեցության տակ ընդունված որեւէ որոշում սխալ կլինի»,- ասել է Դալայ Լաման Դհարամշալայի իր նստավայրում առաջատար ռուս գիտնականների հետ հանդիպումից հետո:

Ճիշտ ընտրություն կատարելու համար, ընդգծել է նա, որ «մտքի խաղաղություն» եւ «զգույշ օբյեկտիվ ուսումնասիրություն» է անհրաժեշտ: «Չի կարելի հիմնվել ցանկությունների վրա եւ ընտրություն կատարել ձեզ համար ցանկալի արդյունքի օգտին: Որոշում կայացնելիս պետք է սթափ նայել իրերին»,- նշել է բուդիստների հոգեւոր առաջնորդը:Նրա խոսքով՝ շատ կարեւոր է նաեւ «խորհրդակցել ընկերոջ հետ, մի քանի ընկերոջ, անկեղծ ընկերների»: