Մեծ Բրիտանիայի հարավ-արեւմուտքում բրոնզե դարաշրջանի գերեզմանոցում ավստրալացի հնագետները հայտնաբերել են  մարդու 4000 տարվա դիակիզված մնացորդներ: Այս մասին նշվում է Ավստրալիայի ազգային համալսարանի կայքում, հաղորդում է «Գազետա» թերթը:

Սկզբում հնագետները չէին ակնկալում այս հատվածում որեւէ բան գտնել, սակայն տեղացի ֆերմերների խոսքով, հողը գյուղատնտեսական նպատակներով բազմիցս փորվել է: Սակայն ընդամենը 25 սմ խորության վրա գիտնականները մոխրով եւ ոսկորների հատվածներով կավե աման են գտել: Ըստ հետազոտողների՝ գտածոն 4000 տարեկան է:

Հնագետները մտադիր են ոսկորներով որոշել դիակիզված մարդու տարիքը եւ սեռը, ինչպես նաեւ պարզել, թե ինչով է նա փոքր տարիքում սնվել: Բացի այդ մոտակայքում սննդի մնացորդներով կերամիկական տարա է գտնվել, որը հնագետներին խորհելու առիթ է տվել: