2017 թվականին 7,5 տոկոս տնտեսական աճի շարժիչ ուժը եղել են արդյունաբերությունն ու ծառայությունները: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, 2017-ի վերջին տնտեսական ակտիվության արագացումը պայմանավորված էր արդյունաբերության եւ ծառայությունների ճյուղերում աճի բարձր մակարդակներով եւ շինարարության ճյուղի վերականգնումով:
«Գյուղատնտեսությունում արձանագրվել է տեմպերի նվազում: Այդուհանդերձ, արդյունքում գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,5 տոկոսը, որը վերազանցել է նախատեսված 3,2 տոկոս մակարդակը»,-ասաց Ջավադյանը:
Նա նշեց, որ տնտեսական աճին նպաստել են թե ներքին, թե արտաքին գործոնները. «Արտաքին ազդակներից են գործընկեր երկրներում տնտեսական աճը, արտաքին պահանջարկից եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների վերականգնումը, մետաղների բարձր գների պահպանումը, զբոսաշրջության աճը: 2017-ին 14,6 տոկոսով տրանսֆերտներն ավելացել են:
Ներքին ազդակներից է խթանող դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման աճը, եւ կառավարության կողմից արտահանման եւ ներդրումների խթանման քաղաքականությունը:
Դրամավարկային քաղաքականության թուլացումը բերել է տոկոսադրույքների նվազմանը եւ վարկերի աճին, որը կազմել է 20 տոկոս»,-ընդգծեց ԿԲ նախագահը:




























