Ինչով է պայմանավորված Հայաստանում մենաշնրոհների գոյությունը, պատճառը քաղաքական որոշո՞ւմներն են, թե՞ բիզեսի տեղաշարժերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին հարց ուղղել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Անցած մի քանի տարիներին մեր տնտեսության մեջ կառուցվածքային տեղաշարժերը ինչպե՞ս եք գնահատում: Խոսքը կենտրոնացումների, մենաշնորհների մասին է: 7-8 տարի առաջ 80-85 գերհզոր ընկերություն կար, դրանք պակասեցի՞ն, թե ոչ: Մոնոպոլիաների ձեւավորման հիմնական պատճառը որն է եղել»,-հարցրեց նա:
Ի պատասխան Ռաֆիկ Մաշադյանը հավաստիացրեց, որ ՊԵԿ-ն իր գործողություններով ընդհանրապես չի նպաստել մոնոպոլիաների ձեւավորմանը Հայաստանում. «Հարկային վարչարարությունը կիրառելիս ձեռնպահ ենք մնացել անուններ լսելուց կամ որոշակի կազմակերպություններում ստուգումներ չանելուց»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահն էլ արձագանքեց, որ հենց վատ աշխատանքի հետեւանք է այն, ինչ հիմա բացահայտվում է սուպերմարկետներում, երբ 20 տոկոս ավելացված արժեքի փոխարեն 5 տոկոս շրջանառության հարկ են վճարել:
Ռաֆիկ Մաշադյանը համոզմունք հայտնեց, որ սուպերմարկետներում խնդիր է առաջացել, որովհետեւ մեր երկրում կան հարկման տարբեր ռեժիմներ. «Երբ մի մասի համար գործարքների փաստաթղթավորումը պարտադիր է, մյուս մասի համար՝ ոչ»:




























