Եթե նախկինում մաքսային մարմինների կողմից եղել են գործողություններ, որոնք նպաստել են մոնոպոլիաների ձեւավորմանը, դա ճիշտ չի եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն նրան հարց ուղղեց. ««Հարկերի հավաքագրումը արտահայտո՞ւմ է մեր ռեալ իրականությունը: Արդյոք բազմաթիվ ներկրողներ չե՞ն շրջանցել մաքսային մարմինները եւ հսկայական գումարներ չմուտքագրվելով՝ բյուջեն տուժել է: ՊԵԿ նախագահի տեղակալն ասում է՝ նախորդ տարիներին չեն աջակցել մոնոպոլիզացիային: Ես պատասխանատու ձեւով հայտնում եմ՝ նախկին իշխանության օրոք ՊԵԿ-ն ամեն ինչ արել է տնտեսությունը մոնոպոլիզացնելու համար, եւ եթե գնահատական չտաք, վստահեցնում եմ, այս մեթոդները չեն վերանալու»:

Ի պատասխան Մաշադյանը նկատեց, որ երբ նախկինում ասել է, որ հարկային մարմինները չեն նպաստել մոնոպոլիաների խոշորացմանը, դա վերաբերել է իրենց մասով իրականցված գործառույթներին:

«Եթե նախկինում մաքսային մարմինների կողմից եղել են գործողություններ, որոնք նպաստել են մոնոպոլիաների ձեւավորմանը, այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում, եթե նման բան եղել է, իմ կարծիքով դա ճիշտ չի եղել, իսկ հիմա, որ նման մոտեցում չի լինի, ես որպես ՊԵԿ նախագահի տեղակալ, վստահ եմ»,-ընդգծեց նա: