2017 թվականին Կոմիտեի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եկամուտների եւ ծախսերի դրական տարբերությունը կազմել է 378 մլն դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

Նրա խոսքով, գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար գանձված պետական տուրքը կազմել է 842 մլն 593 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 11,9 տոկոսով:

«Առաջ եթե գնում էին գրասենյակ, ասում էին՝ ձեր գործերը դեռ պատրաստ չի, մենք այդտեղ կոռուպցիոն ռիսկեր էինք տեսնում: Հիմա հենց փաստաթղթերը պատրաստ են լինում, քաղաքացու հեռախոսին կարճ հաղորդագրություն է գալիս եւ նա կարողանում է իր փաստաթղթերը ստանալ»,-ասաց Մարտին Սարգսյանը՝ հավելելով. «Մի քանի դեպքեր ունեցանք, որ մարդիկ այստեղ չեն բնակվում, բայց ապօրինի եղանակով վաճառվում էր: Մենք նման դեպքերը հայտնաբերեցինք եւ փոխանցեցինք իրավապահ մարմիններին»: