Կադաստրի պետական կոմիտեի համակարգը զերծ է կոռուպցիայից: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Մենք ընդհանուր առմամբ խնդիր չունենք աշխատանքային պրոցեսի մեջ ենք. նման ռիսկեր, գոնե իմ աշխատած ժամանակահատվածում, հաստատ չունենք»,-ասաց նա:

«Մենք ընդհակառակը, այս 3.5 տարիների ընթացքում փորձել ենք լրամշակել այն խնդիրները, որոնք ամբողջությամբ ավարտին չէին հասցվել»,- ընդգծեց Մարտին Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ԱԱԾ-ն պահանջի, իրենք էլ պատրաստ են փաստաթղթերը տրամադրել:

Հարցին, թե կարո՞ղ է երաշխավորել, որ կադաստրի կոմիտեն զերծ է կոռուպցիայից, Մարտին Սարգսյանը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող։ Մենք փորձել ենք այս ընթացքում ընդամենը քաղաքացու եւ աշխատողի կապերը տարանջատել: Մենք շատ ծրագրեր ենք իրականացրել, ստորաբաժանումների միավորում իրականացրեցինք եւ այլն։ Հիմա միավորումների արդյունքում դիմումը էլեկտրոնայինից գալիս է ընդհանուր եւ բաժանվում է ռեգիստրների միջեւ: Այսինքն քաղաքացին չի տեսնում իր դիմումով ով է զբաղվում, այսինքն այդ կապը կտրեցինք: Գրասենյակներում ամբողջությամբ ռեյթինգային գնահատման համակարգ է ներդրված, որ քաղաքացին կարողանա գնահատել աշխատանքը»: