ՀՅԴ Բյուրոյի հրավերով մայիսի 29-ին Երեւանում գումարվեց ՀՅԴ Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը։ Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաեւ անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին եւ առաջիկա անելիքներին։

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, թե ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը եւ իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։

Ժողովն արձանագրեց, որ Հայոց պետականության հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ եւ գերխնդիր՝ թե՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թե՛ սփյուռքահայության համար:

Ժողովն արժեւորեց համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝ համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի եւ կունենանք նոր սկիզբ, արդար եւ հզոր Հայաստան։