Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 30-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները եւ նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ վստահեցրել, որ բարեկամ երկու երկրների փորգործակցությունը լինելու է շարունակական:
Այդ համատեքստում նախարարը դեսպանի հետ քննարկել է Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ քրեական եւ քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանն ու հնարավորություններին:
Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանը հաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ Արգենտինայի հետ հարաբերությունները զարգացնելու եւ համագործակցությունը մի շարք ուղղություններով շարունակելու վերաբերյալ:




























