Հայաստանի ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Նախիջեւանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն եւ ցանցում հնչեցված հատվածներում եւս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաեւ ակտիվ քննարկումներ:

Որեւէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք եւս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,-գրել է Արծրուն հովհաննիսյանը:

Նշենք, որ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, որ վերջին օրերին սահմանի նախիջեւանյան հատվածում չեզոք գոտում ադրբեջանցիներն իրենց դիրքերը կարողացել են առաջ բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Նշվում էր նաեւ, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան: