Երեւանի ջրահեռացման համակարգը կառուցվել է խորհրդային տարիների չափանիշներով, որի թողունակությունը հաշվի չի առել քաղաքի հետագա զարգացման հեռանկարով պայմանավորված մակերեւութային ջրերի սպասվող քանակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ անդրադառնալով վերջին հորդառատ անձրեւի ժամանակ Երեւանոի մի քանի տասնյակ փողոցների հեղեղումների խնդրին:
Նրա խոսքով, դրա պատասխանատուն ոչ թե քաղաքապետարանն է, այլ «Վեոլիա ջուր» ընկերությունը:
«Քաղաքում կան շատ փողոցներ, որ չունեն անձրեւընդունիչ համակարգ: Այս պայմաններում վերջին 5 տարիներին 30 հասցեներում կառուցվեց ժամանակակից անձրեւընդունիչ համակարգեր: Վերջինը ձկան խանութի մոտ:
Այդպիսի ծավալով անձրեւների ու հեղեղումների դեպքում անձրեւընդունիչ համակարգը չի բավարարելու»,-հայտարարեց Արեյանը:
Նրա խոսքով, եթե մութ փողոց եք տեսնում, ուրեմն վթարի պատճառը պետք է պահանջել ՀԷՑ-ից, գազաբաշխիչ ցանցում արտահոսքի վթարի համար պետք է պատասխան տա «Գազպրոմ Արմենիան», ջրահեռացման, հեղեղումների դեպքում պատասխանատուն «Վեոլիա ջուր»-ն է:



























