Կալիֆոռնիայի շրջակա միջավայրին արգելված վտանգավոր թունաքիմիկատ է սպառնում, որն օգտագործվում է մարիխուանայի աճեցման անօրինական ֆերմաներում, հայտնում է USA-ը:
Կալիֆոռնիայի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ այդ խնդիրը ստիպել է իրենց միավորել ուժերը՝ դրա դեմ պայքարի համար: Իշխանությունները 2.5 միլիոն դոլար կծախսեն թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ պայքարի համար: ԱՄՆ դատախազ Սկոտ ՄաքԳրեգորը խոստացել է այս խնդիրը հատուկ վերահսկողության տակ պահել:
Կալիֆոռնիայում անօրինական ձեւով աճեցված մարիխուանան հիմնականում նախատեսված է Միջին Արեւմուտքի եւ Արեւելքի նահանգների համար: Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Քսավյե Բեզերան այլ ներկայացուցիչների հետ միասին մտահոգություն է հայտնել, որ անօրինական պլանտացիաները խախտում են տարածաշրջանի էկոբալանսը: Անօրինական արտադրության աճը, որում կիրառվում է Carbofuran վտանգավոր թունաքիմիկատը, վնաս է հասցնում ջրի աղբյուրներին, վայրի բնությանը եւ, իհարկե՝ մարդկանց:
Բնապահպանական ուսումնասիրությունների կենտրոնի ավագ բնապահպան եւ գործադիր տնօրեն Մուրադ Գաբրիելի խոսքով՝ նա եւ իր գործընկերները 2017 թվականին այդ քիմիական նյութը հայտնաբերել են հողատարածքների 72 տոկոսի մեջ, մինչդեռ 2012 թվականին պլանտացիաների աղտոտվածության մակարդակը 15 տոկոս էր կազմում:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ Կալիֆոռնիայի ջրային ռեսուրսները 40 տոկոսով վարակված են վտանգավոր թունաքիմիկատով: Գաբրիելի հետազոտությունները ցույց են տվել, որ թունաքիմիկատների հետքեր մարիխուանայում եւս կան, եւ դեռ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն է այն ունենում մարդկանց վրա:
«Carbofuran-ը թունաքիմիկատ է, որը նախատեսված է վնասատուների հետ պայքարի համար, պաշտոնապես այն արգելվում է օգտագործել Միացյալ Նահանգներում: Դա այնքան հզոր քիմիկատ է, որ դրա մեկ քառորդ թեյի գդալը կարող է արջ սպանել»,- հայտարարել է Մուբադ Գաբրիելը:




























